Պետական միջոցներով հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

13:28, 24 Ապրիլ, 2024

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի մարտի 26-ից մեկնարկել և ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված 432 մլն 416 հազար 88 դրամի հաշվին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 հազար 690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում, գծանշում, ճանապարհային նշաններով կահավորում, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատված հիմնանորոգում։

Ծրագրի կապալառուն «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն է, որի կողմից այս պահին իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի քանդման, հեռացման, հողային այլ աշխատանքներ։

Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա հուլիս ամսին։

 

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am